Գաբունիան առաջինը չէ. արխիվային տեսանյութ է հայտնվել Պուտինին հայհոյող մեկ այլ վրացի լրագրողի մասնակցությամբ (Տեսանյութ)
Ցանցում տեսանյութ է հրապարակվել մեկ այլ վրացի լրագրողի մասնակցությամբ, որը դեռևս 2013 թ.-ին հեռուստատեսության եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Ի դեպ, վրացական հեռուստատեսությամբ Պուտինին և նրա ծնողներին հայհոյելը, պարզվում է, հին ավանդույթ է: Ահա 2013 թ.-ի տեսանյութը: Այն ժամանակ ոչ ոք այսպես չէր նեղվել, ինչպես այս անգամ»,- գրում է բլոգեր Դենիս Կազանսկին:
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ հուլիսի 7-ին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան իր հեղինակային «PostScriptum» ծրագրի եթերում ռուսերեն լեզվով հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա ծնողներին: Գաբունայի հայտարարությունները դատապարտել են Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ինչպես նաև Վրաստանի բարձրագույն պաշտոնյաները, իսկ «Վրացական երազանքում» «Ռուսթավի 2»-ի սկանդալային եթերն անվանել են պետհեղաշրջման փորձ:
Հաջորդ օրը ՌԴ պետդուման քննարկել է Վրաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների կիրառման հնարավորությունը: Հուլիսի 9-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակահարմար չի գտնում Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը:
Իսկ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկոլոզ Գվարամիան, անպարկեշտ արտահայտություններով հաղորդել է, որ հեռուստաալիքը զրկված է ազատ արտահայտվելու իրավունքից, որպեսզի Բորժոմին ազատորեն վաճառվի ՌԴ-ում:
«Ռուսթավի 2»-ի հաղորդավարին սկանդալային եթերից հետո աշխատանքից ազատել են: