Նոր և հին սերնդի դեղորայքը բուժական միատեսակ արդյունք ունեն. գերմանացի գիտնականներ
Գերմանացի գիտնականները համեմատել են «հին» և ինովացիոն դեղամիջոցների արդյունավետությունը և անսպասելի եզրակացություն կատարել: BMJ ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ պարզվել է, որ նոր և հին սերնդի դեղամիջոցների արդյունավետությունը գործնականում միատեսակ է:
Քյոլնի Առողջապահության որակի ուսումնասիրման ինստիտուտից Բեաթա Վիզելերը և նրա գործընկերները վերլուծել են դեղամիջոցների գերմանական շուկան: Վերջին 8 տարում մշակվել է շուրջ 200 դեղամիջոց, որոնք հաջողությամբ անցել են եվրոպական կարգավորող մարմինների ստուգումները: Մինչդեռ, ինչպես պարզել են հետազոտողները, իրենց արդյունավետությամբ դրանց միայն քառորդ մասն է գերազանցում նախկինում կիրառվող նմանօրինակներին:
Դեղամիջոցների 16 տոկոսն է «հին» դեղերի համեմատ աննշան առավելություն ցուցադրել, սակայն ինովացիոն միջոցների գերակշիռ մեծամասնությունը (58 տոկոս) դրանց նման բուժական արդյունք է ունեցել:
Գիտնականների կարծիքով՝ սա այն բանի հետևանքն է, որ դեղագործության ոլորտում գրեթե չեն անցկացվում լուրջ գիտական հետազոտություններ: Դրա օգտին է վկայում այն փաստը, որ հոգեկան խանգարումների դեմ նոր դեղերի միան 6 տոկոսը և դիաբետի դեմ ինովացիոն դեղամիջոցների 17 տոկոսն են իրենց արդյունավետությամբ գերազանցում հին սերնդի դեղամիջոցներին:
Եվս մեկ փաստ. կարգավորող մարմինները հիմնական ուշադրությունը հատկացնում են մշակվող դեղամիջոցների անվտանգության հարցերին, այլ ոչ դրանց արդյունավետությանը, ինչն առանձնապես վառ է արտահայտվել հակաքաղցկեղային դեղամիջոցների դեպքում, որոնցից շատերը հավանություն են ստացել առանց դրանց արդյունավետ ազդեցության ապացույցների: