Նոր մանրամասներ Զոդի կամրջի վրա ողբերգական վթարից. Պարզվել է ավտովթարից մահացած ևս մեկ անձի ինքնությունը
Պարզվել է Արարատի մարզում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած «ԳԱԶԵԼ» –ի ուղևորներից մեկի ինքնությունը։
Դատագենետիկական փորձաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ մահացածը՝ Երասխ գյուղի բնակիչ 1964 թվականին ծնված Սոֆյա Ոսկանյանն է։
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:
Վթարի հետեւանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ վերջինիս հինգ ուղեւորները տեղում մահացել են (6 դիերից մեկն արական սեռի է, հինգը՝ իգական), «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղեւորները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները՝ ընդհանուր 13 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:
Operativ լրատվականը, հղում կատարելով News.am-ին, հայտնել էր նաև, որ Զոդի կամրջի ողբերգական վթարից տուժած 20-ամյա աղջիկը մահացել է:
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Հուլիսի 8-ին Toyota Hilux-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը կալանավորվել է։