Ականապատված մեքենայի պայթյուն Աֆրինում. տուժել է 38 մարդ
Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աֆրինում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 38-ի, ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել է աղբյուրն ընդդիմադիր «Ազատ սիրիական բանակում» (ՍԱԲ)։
Ավելի վաղ ՍԱԲ աղբյուրը ՌԻԱ «»Նովոստի»-ին տեղեկացրել էր 11 զոհի և 25 տուժածի մասին։
«Պայթյունից տուժածների թիվը սիրիական Աֆրին քաղաքում հասել է 38 մարդու, նրանցից իննին տեղափոխել են թուրքական Հաթայի հիվանդանոց»,- տեղեկացրել է աղբյուրը։
Ավելի վաղ լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը, հղում կատարելով Հալեպում սեփական թղթակցին, տեղեկացրել էր հինգ զոհի մասին Թուրանդա տանող ճանապարհին ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով։ Քրդական ANHA գործակալությունը տեղեկացրել էր, որ քաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել։ Առաջինը որոտացել է Աֆրինի կանտոնի կենտրոնում, Էլ Ֆիլաթ փողոցում, երկրորդը՝ քաղաքից ոչ հեռու գտնվող Թուրանդա գյուղում։