Մեր խնդիրն է ունենալ ներառական բարձր տնտեսական աճի ցուցանիշների հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ. վարչապետ
Մեր հիմնական խնդիրն է ունենալ ներառական բարձր տնտեսական աճի ցուցանիշների հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես կառավարության ծրագրում եւ «Իմ քայլը» դաշինքի ծրագրում է գրված, այդ խնդրին հասնելու միջոցը տեսնում ենք վերամշակող արդյունաբերության զարգացման, տեխնոլոգիական արդյունաբերության եւ զբոսաշրջության զարգացման ուղղություններով»,-ասաց նա:
Վարչապետի խոսքով, պետք է ստեղծել աշխատանքային շրջանակ, որը կներառի վերամշակող արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններին: Խոսքն այն ձեռնարկությունների մասին է, որոնք հում հումքից ստանում են վերջնական արտադրանք:
Փաշինյանը դիմեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ասելով. «Եկեք պայմանավորվեք, որ դուք այդ ընկերությունների հետ շրջանակի ձեւավորման քայլերը կսկսեք եւ մինչեւ օգոստոսի 20-ը այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ կունենանք աշխատանքային հանդիպում, քննարկում, թե ինչ քայլեր ունի կառավարությունն ունի անելու այդ ձեռնարկություններին աջակցելու եւ արտահանմանը միտված նրանց գործունեությունը խթանելու ուղղությամբ»: