Երևանում BMW-ն բախվել է լուսավորման սյանը և հայտնվել Նժդեհի հրապարակի կենտրոնում. Կան վիրավորներ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 03։00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել հրապարակի կենտրոնական հատվածում, ծուխ է նկատվում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW 750» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորման սյանը եւ հայտնվել հրապարակի կենտրոնական մասում։
Փրկարարներն ուղեւորին՝ Դ.Ա.-ին, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Դ.Ա.-ն եւ մյուս ուղեւորը՝ Է.Ա.-ն, հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ իրականացրել հերթապահություն՝ մինչ «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների մոտենալը։