Վրաստանում վթարից տուժած 14-ամյա տղան տեղափոխվեց Երեւան․ նա վերակենդանացման բաժանմունքում է (տեսանյութ)
Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղային «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բրիգադը բարեհաջող տեղափոխեց Երևան։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։
14-ամյա տղան արդեն հետազոտվել է: Նրա մոտ առկա է փակ գլխուղեղային վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ՝ արյունազեղման օջախներով, կրծքավանդակի սալջարդ, վերջույթների վնասվածքներ: Կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառություն: Վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ։
Նշենք, որ նա Վրաստանում մնացած վերջին տուժածն էր, մինչև այժմ նույն վթարից 4 տուժած տեղափոխվել է Հայաստան։
Նրանցից երկուսը բուժում է ստանում «Սուրբ Աստվածամայր» բժկական կենտրոնում, երկուսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում։
Հիշենենք, որ վթարի հետևանքով մահացել էր երեք մարդ՝ մեկ կին և երկու երեխա։