էլեկտրականության խափանումների հետևանքով Ծաղկաձորի ճոպանուղին երկու ժամ չի աշխատել
Էլեկտրականության խափանումների պատճառով այսօր՝ հուլիսի 10–ին, շուրջ երկու ժամ դադարեցվել է Ծաղկաձորի ճոպանուղու գործունեությունը։
Էլեկտրաէներգիայի տատանումների ժամանակ ճոպանուղում եղել է շուրջ 50 ուղևոր։ Ճոպանուղու աշխատանքն ապահովելու և ուղևորներին իջեցնելու նպատակով ճոպանուղու ղեկավարությունը ստիպված է եղել գործի դնել դիզելային գեներատորը։ Արդյունքում ժամը 16-18–ը ճոպանուղու աշխատանքը դադարեցվել է։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր կեսօրին Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ համակարգում վթարի պատճառով հաճախականության տատանում է եղել, որի հետեւանքով սկզբում անջատվել են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետեւ Երեւանի ՋԷԿ-ը եւ ավելի փոքր կայանները: Հանրապետությունում համատարած հոսանքազրկումների հետևանքով Երևանի փողոցներում խցանումներ են առաջացել: Մի քանի ժամ խաչմերուկներում չեն գործել լուսացույցները, ինչի հետևանքով անկառավարելի վիճակ է առաջացել փողոցներում, Երևանի մետրոպոլիտենում։