«Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկումից հետո խնդիրները ամբողջապես կվերացվեն». Տիգրան Ավինյան
Երեւանի ՋԷԿ-ի կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկումից հետո խնդիրները ամբողջապես կվերացվեն, այս պահին աշխատանքները շարունակվում են։ Այս մասին Facebook-ի գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Վթարի պահին 830 Մգվտ. պահանջարկի դեպքում, էլ. էներգիայի արտադրությունը ընկել է մինչեւ 287 Մգվտ կամ պահանջարկի 35%-ը։
Վերականգնողական աշխատանքների արդյունքում արդեն իսկ մատակարարվում է 587 Մգվտ. էլ. էներգիա, որը կազմում է պահանջարկի մոտ 70%-ը։
Երեւանի ՋԷԿ-ի կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկումից հետո խնդիրները ամբողջապես կվերացվեն, այս պահին աշխատանքները շարունակվում են»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ժամը 12.30-ից էլեկտրականության խափանումներ են հանրապետության տարածքում: Հանրապետությունում համատարած հոսանքազրկումների հետեւանքով Երեւանի փողոցներում խցանումներ են առաջացել: Խաչմերուկներում չեն գործում լուսացույցները, ինչի հետեւանքով անկառավարելի վիճակ է առաջացել փողոցներում:
Այս առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր. «Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչեւ երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»: