«Ես շարունակում եմ պնդել. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի». Դոնալդ Տուսկ
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հարցը:
«ԵՄ-ն ոգևորված է վերջին մեկ տարվա ընթացքում մարդկանց խաղաղության նախապատրաստելու եւ հումանիտար հարցերի վրա շեշտը դնելու դինամիկայով եւ ձգտումով: Մենք նաեւ կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անհանգստությունը՝ կապված շփման գծում վերջին զոհերի, ինչպես նաեւ էսկալացիոն հռետորաբանության հետ:
Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն վերականգնելու մթնոլորտը, որը կնպաստի խաղաղությանը եւ իրական բանակցություններին»,-նշեց Տուսկը:
Նա ընդգծեց, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի. «Անհրաժեշտ է քաղաքական կարգավորում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին և սկզբունքներին: Եվրամիությունը շարունակում է ամբողջությամբ օժանդակել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և շեշտադրությանը` արդար և տևական հանգուցալուծում գտնել՝ ելնելով Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներից:
Եվրամիությունը սատարում է խաղաղության կառուցման գործողություններին և պատրաստ է սատարել ժողովուրդներին խաղաղության պատրաստող միջոցների»,-ասաց նա:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե՝ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն քաղաքական ճանապարհով և միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն: