Երրորդ եռամսյակի հարկային եկամուտները մոտ 20-25 մլրդ դրամով չի կատարվելու, բայց դա փոխհատուցվելու է. Անանյան
ՊԵԿ-ը այս տարվա 3-րդ եռամսյակում պլանավորված հարկային եկամուտները չի կարողանալու կատարել մոտ 20-25 մլրդ դրամով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նա ընդգծեց, որ պատճառն այն է, որ 2019 թվականի համար եռամսյակային կտրվածքով հարկային եկամուտները ճիշտ չեն պլանավորվել, պետք է երկրորդ եռամսյակում ավելի շատ հարկային եկամուտներ պլանավորվեին, իսկ երրորդում՝ ավելի քիչ:
Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ 3-րդ եռամսյակում նախատեսված 373,7 մլրդ դրամի հարկային եկամուտները չեն կարողանալու կատարել, Դավիթ Անանյանը դրական պատասխան տվեց. «Երրորդ եռամսյակի 373,7 մլրդ դրամի կանխատեսումը մոտ 20-25 մլրդ դրամով չի կատարվելու կամ նման ռիսկ այսօր կա, որը չեզոքացվելու է 4-րդ եռամսյակի արդյունքներով: Այսինքն 3-րդ եռամսյակում չհավաքագրված գումարները զրոյացվելու են 4-րդ եռամսյակում: Այսինքն բոլոր դեպքերում տարեկան կտրվածքով 63 մ,լրդ դրամի գերակատարումն ապահովվելու է»:
Նա նշեց, որ իրենց կարծիքով, երկրորդ եռամսյակը պետք է մոտ 40 մլրդ դրամով ավելի լիներ 3-րդ եռամսյակի ցուցանիշից: