Արգենտինայի նախկին նախագահին ծանր վիճակում հոսպիտալացրել են
Արգենտինայի նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուան երկուշաբթի ծանր վիճակում շտապ հոսպիտալացվել է, հայտնում է Todo Noticias լրատվական պորտալը՝ վկայակոչելով նախկին նախագահի ընտանիքի շրջապատին:
Հաղորդվում է, որ 81-ամյա նախկին նախագահը, որը պաշտոնը զբաղեցրել է 1999-2001 թվականներին, Բուենոս Այրեսի Alexander Fleming կլինիկա է տեղափոխվել սրտային եւ երիկամային անբավարարությամբ: Դե լա Ռուայի շրջապատից հայտարարել են, թե չնայած նրա վիճակը շարունակում է ծանր մնալ, նա հույսը չի կորցնում:
Todo Noticias-ի տեղեկություններով՝ դե լա Ռուային հունվարին շտապ հոսպիտալացրել էին սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Նրան դուրս էին գրել միայն մեկ ամիս հետո: 2018 թվականին եւս նախկին նախագահի մոտ առողջական լուրջ խնդիրներ էին նկատվել: Այս ժամանակ նա սրտի 2 կաթված էր տարել: