Վրաստանում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած 30–ամյա կնոջ վիճակը կայուն է
Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած 30 –ամյա կնոջ վիճակը կայուն է։ Այս մասին հայտնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։
Նա նշեց, որ տուժածն իրենց մոտ է տեղափոխվել կոտրվածքներով եւ սալջարդերով։ Այս պահին նա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, սակայն ամենայն հավանականությամբ նրան այսօր կտեղափոխեն հիվանդասենյակ։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 8–ին Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածներից երեքին՝ Մ. Մ.(30 տր.), Լ. Մ. (16 տր.) եւ Ռ. Մ.(12 տր.) տեղափոխել էին Երեւան։
16 եւ 12 տարեկան երեշաները ներկայումս գտնվում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում, իս 30–ամյա կինը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Այսօր էլ Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածներից 40–ամյա Ա. Մ.-ն, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայ բժիշկների հսկողությամբ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվում է Հայաստան։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վրաստանում։ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին եւ բռնկվել։ 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Նշենք, որ վթարված մեքենայում եղել է 8 հոգի, այսինք 3-ով ավել, քան թույլատրված է։