Հայաստանում հնագիտության զարգացումը մշակութային եւ քաղաքական նշանակություն ունի. ԳԱԱ նախագահ
Հայաստանում հնագիտության զարգացումը մշակութային եւ քաղաքական նշանակություն ունի: Այս մասին հուլիսի 9-ին Երեւանում ընթացող «Հնագիտությունը Հայաստանում տարածաշրջանային ենթատեքստում» 2-րդ միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ հնագիտության կարեւորությունը կասկածի ենթակա չէ, եւ անհրաժեշտ է հասկանալ, թե այն տըարածաշրջանային եւ համաշխարհային մասշտաբներով ինչ ուղղությամբ պետք է զարգանա: Մարտիրոսյանը հավելեց, որ Հայաստանում ուղղության հաջողությունը սերտորեն կապված է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ, որն ամբողջ աշխարհում հայտնի է, ինչի մասին է վկայում նաեւ այս գիտաժողովին տարբեր երկրներից գիտնականների մասնակցությունը: «Հնագիտության զարգացումն անհնար է առանց նորագույն տեխնոլոգիական լուծումների, որոնք կիրառվում են նաեւ Հայաստանում կատարվող պեղումների ժամանակ: Գիտությունների ակադեմիան այս ուղղությամբ աշխատանքները կշարունակի այն նպատակով, որպեսզի ընդլայնի հնագիտության հնարավորությունները»,- հավեեց նա:
ԳԱԱ նախագահը շեշտեց անհատների կարեւորությունը, որոնք կանգնած են եղել Ինստիտուտի ստեղծման եւ զարգացման ակունքներում, մասնավորապես՝ Բաբկեն Առաքելյանի, ինչպես նաեւ Արամ Քալանթարյանի, որն ահռելի աշխատանք է կատարել միջազգային կապերի ստեղծման ուղղությամբ: «Ուրախալի է, որ այսօր Ինստիտուտի աշխատակիցների նոր սերունդը շարունակում է այդ մարդկանց աշխատանքը»,- եզրափակեց Ռադիկ Մարտիրոսյանը:
Նշենք, որ հուլիսի 9-ին Երեւանում ընթանում է «Հնագիտությունը Հայաստանում տարածաշրջանային ենթատեքստում» 2-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի 60-ամյակին: