Հունաստանի վարչապետը շնորհավորել է Միցոթաքիսին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտնել է, որ հարգում է ժողովրդի ընտրությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եւ զանգահարել է ընդդիմադիր «Նոր դեմոկրատիայի» առաջնորդ Քիրիաքոս Միցոթաքիսին շնորհավորելու հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ժողովուրդը կատարել է իր ընտրությունը: Մենք հարգում ենք այն: Ես զանգահարել են Միցոթաքիսին եւ շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ»,-ասել է Ցիպրասը Զափիոն պալատում ընտրությունների մամուլի կենտրոնում հայտարարությամբ ելույթ ունենալիս:
Ցիպրասը հայտնել է, որ երկուշաբթի կփոխանցի գործերը նոր վարչապետին: Նա նաեւ հույս է հայտնել, որ «Նոր դեմոկրատիան» ռեվանշիզմի պատճառ չի դառնա:
Ներկայիս վարչապետը նշել է, որ ՍԻՐԻԶԱ-ն հանձնում է երկիրը շատ ավելի լավ վիճակում, քան ստացել էր:
Խոսելով Արմատական ձախերի կոալիցիայի արդյունքների մասին՝ նա հայտարարել է, որ կուսակցությունը շարունակում է մնալ ձախ, դեմոկրատական եւ առաջադեմ ուժերի հայացքներն արտահայտող կառույց:
Ընտրատեղամասերի 43 տոկոսի տվյալներով՝ «Նոր դեմոկրատիան» հավաքել է ձայների 39.73 տոկոսը եւ կստանա 300 տեղ ունեցող խորհրդարանում 158 մանդատ: ՍԻՐԻԶԱ իշխող Արմատական ձախերի կոալիցիան հավաքել է ձայների 31.45 տոկոսն ու կստանա 86 մանդատ