Ամստերդամի 1-ին կին քաղաքապետը ցանկանում է փակել սեքս-աշխատողների ցուցափեղկերը կարմիր լապտերների թաղամասում
Ամստերդամի կարմիր լապտերների հայտնի թաղամասի պատուհանները, որոնցում բոլորին ի տես ներկայանում էին սեքս-աշխատողները, շուտով կարող են մնալ անցյալում, գրում է Independent-ը։
Ամստերդամի առաջին կին քաղաքապետ Ֆեմկե Հալսեման ասել է, որ թաղամասի ցուցափեղկերում երեւացող կանայք ենթարկվում են «նսեմացման զբոսաշրջիկների մեծ խմբերի կողմից»։
Թաղամասի բնակիչների, բիզնեսի սեփականատերերի եւ հենց այդ կանանց հետ քննարկումներից հետո Հալսեման եկել է այն եզրակացության, որ անընդունելի է այն գործելակերպը, երբ մարդիկ այցելում են այդ թաղամաս, նայում ցուցափեղկերում երեւացող կանանց՝ առանց նրանց ծառայությունների դիմաց վճարելու մտադրության։
Արդյունքում՝ քաղաքապետն առաջարկել է խնդրի մի քանի լուծումներ, որոնցից մեկը Նիդեռլանդների մայրաքաղաքի այդ թաղամասի բոլոր 330 ցուցափեղկերը վարագուրելն է։