Իտալիայում վագրերը պատառոտել են իրենց վարժեցնողին
Հարավային Իտալիայում 4 վագրեր պատառոտել են իրենց վարժեցնողին, ինչը հանգեցրել է խորհրդարանում բուռն բանավեճերի կենդանիներին կրկեսներում օգտագործելն արգելելու հարցի շուրջ, հայտնում է The Guardian-ը:
Ոստիկանությունից հայտնել են որ հինգշաբթի Ապուլիա մարզի Տրիջիանո քաղաքում համարի փորձի ժամանակ վագրերը հարձակվել են 61-ամյա վարժեցնող Էտորե Վեբերի վրա:
Այդ ժամանակ կրկեսում ընդհանուր եղել է 8 վագր, եւ բոլորը առգրավվել են ոստիկանության կողմից, ինչը հանգեցրել է կենդանիների պաշտպանության կազմակերպությունների բողոքին:
Կենդանահերձման դեմ լիգան կոչ է արել վագրերին չսպանել եւ դիմել է կառավարությանը՝ խնդրելով արագացնել կրկեսային շոուներում կենդանիների մասնակցությունն արգելելու մասին օրենքի ընդունումը:
Ներկայումս Իտալիայի խորհրդարանը նոր օրինագիծ է քննարկում կրկեսային ներկայացումներում կենդանիների մասնակցության արգելքի մասին: Նման առաջին օրինագիծը առաջ էր քաշվել 2017 թվականին, սակայն չէր ընդունվել:
2017 թվականին հրապարակված հետազոտության համաձայն՝ Իտալիան այն քիչ եվրոպական երկրներից մեկն է, որտեղ կրկեսում կենդանիների օգտագործումը սահմանափակված չէ: