Մարալիկում եւ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ՃՏՊ-ների հետեւանքով կան տուժածներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 4-ին, ժամը 13:23-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Մուսայելյան փողոցում գտնվող կահույքի սրահի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW 328i» մակնիշի (վարորդ՝ Հ.Պ.) եւ «ԶԻԼ-130» մակնիշի (վարորդ՝ Ս.Ն.) ավտոմեքենաները. «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ս.Ն.-ն տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, իրականացրել հերթապահություն՝ մինչ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը եւ կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Հուլիսի 4-ին, ժամը 17:23-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծաղկավան գյուղի սկզբնամասում «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենան (Ա.Ա., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել. կան տուժածներ:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Վարորդը եւ ուղեւորները (Վ.Դ., 1986 թ. եւ Հ.Լ., 1988 թ.), հոսպիտալացվել են Իջեւանի ԲԿ: Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ երկու ուղեւորներինը՝ միջին ծանրության, այնուհետեւ վարորդը (ուղղաթիռով), իսկ երկու ուղեւորները (շտապօգնության ավտոմեքենայով) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: