Եգիպտոսում զբոսաշրջիկները կարող են անվճար լուսանկարել թանգարաններում և հուշարձանների մոտ
Եգիպտոսի ամբողջ տարածքում օգոստոսի 1-ից այցելուներին թույլ կտան անվճար սիրողական լուսանկարներ անել եւ տեսանկարել բջջային հեռախոսներով, ասվում է Եգիպտոսի հին հուշարձանների նախարարության Facebook-ի տեղեկությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ճշտվում է, որ նման որոշում է ընդունել երկրի հնության հուշարձանների Բարձրագույն խորհրդի ղեկավարությունը։ Խորհրդի ղեկավար Մուսթաֆա Վազիրի խոսքով՝ թանգարաններում եւ հնագիտական հուշարձանների մոտ լուսանկարելու թույլտվությունը պետք է ներգրավի ավելի մեծ թվով զբոսաշրջիկների։
Ընդ որում՝ Խորհուրդը նախազգուշացրել է, որ թանգարանների ներսում լույսի բռնկումը նախկինի պես արգելվում է։
Մինչեւ վերջերս ֆոտոխցիկների օգտագործման համար նախարարությունը վճար էր գանձում, որը կախված էր թանգարանի կամ հնագիտական հուշարձանի նշանակալիությունից։ Որոշ առանձնապես արժեքավոր նմուշների լուսանկարումն արգելված էր։