Գործադիր իշխանությունը իրավասու չէ դատականի մասին կարծիք հայտնելու. արդարադատության նախկին նախարար
Գործադիր իշխանությունն իրավունք չունի դատական իշխանությանը քննադատելու կամ գովաբանելու, դա անթույլատրելի է: «Իրավական ճանապարհ» հասարակական կազմակերպության կազմակերպած «Հայաստանի Սահմանադրությունը. կարմիր եւ կանաչ գծեր» համաժողովի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ կարեւոր հարցեր են՝ հասարակությունն արդյոք վստահո՞ւմ է դատական իշխանությանը եւ ի՞նչ չափով: Կարծում եմ՝ շատերը կդժվարանան այս հարցերին պատասխանել, բայց դրա հետ մեկտեղ թույլատրելի է, երբ իշխանության ներկայացուցիչները իրենց թույլ են տալիս կարծիք հայտնել եւ անգամ պահանջներ են ներկայացնում:
Գեւորգ Դանիելյանն ընդգծեց, որ դատական համակարգում խնդիրներ կան, եւ իրեն այդ մասին հայտնի է ոչ միայն նախարարի պաշտոնում աշխատելու արդյունքում, այլեւ դատախազությունում 20 տարվա աշխատանքով: Սակայն ցնցումները կարող են հանգեցնել դատական համակարգի հանդեպ ոտնձգությունների: Դատական համակարգն իսկապես բարեփոխումների կարիք ունի, եւ պատահական չէ, որ միջազգային փաստաթղթերն առաջին հերթին նշում են անկախ դատական համակարգի կարեւորությունը: «Սա իշխանության առավել խոցելի թեւն է եւ պոտենցիալ խոցելի հատկապես գործադիր իշխանության կողմից: Ուստի անզգույշ հայտարարություններն անթույլատրելի են: Եթե դատական իշխանությունն անկախ չէ, կորում է գործադիրի իշխանության հանդեպ վերահսկողությունը: Նույնիսկ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ դատավորների դեմ չեն ոտնձգել: Սա փաստ է, որը հանրապետությանը թույլ է տալիս դառնալ ժողովրդավարական քաղաքակիրթ պետություն»,- հիշեցրեց նախկին նախարարը: