Ջրօգտագործողներին տրվող ջրաքանակը 30 մլն խմ-ով նվազել է. Ջրային պետական կոմիտեի նախագահ
Հայաստանի ջրօգտագործողներին այս տարի 30 մլն խմ-ով ավելի պակաս ջրաքանակ է տրամադրվել, քան նախորդ տարի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ջրային պետական կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը՝ նշելով, որ անցած տարի ջրաքանակը կազմել է 218 մլն խմ։
Նրա խոսքով՝ 2018 թվականի առաջին վեց ամիսների համեմատ՝ այս տարի 7100 հեկտարով ավելացել են ոռոգելի հողակտորները։
«Այստեղ կան նոր հողօգտագործողներ, նոր տնտեսություններ, եւ այս ցանկի մեջ կլինեն հողակտորներ, որոնք նախկին ստվերից փորձում են գալ իրավական դաշտ։ Այդ հողակտորների հաշվին մենք ունենք 920 լրացուցիչ պայմանագիր, դրանց թվերը նույնպես տատանվում են»,- ասաց Մելքոնյանը։
Վարդան Մելքոնյանն ասաց, որ իրենք նվազեցրել են նաեւ ջրտուտի թիվը. «Ջրտուտի թիվը նվազեցնելով՝ այս ընթացքում արտառոց բողոքներ չեն եղել։ Իհարկե, դրա հաշվին ունենք ավելի քիչ ձեւակերպված հասույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 300 մլն դրամ։ Գանձումն անցյալ տարվա համեմատ այս 6 ամսվա ընթացքում նույնպես 24 մլն դրամով աճել է. այս տարի նախորդ տարվա 822 միլիոնի դիմաց ունենք 846 միլիոն»։
Անդրադառնալով նախորդ տարվա 6 ամիսների ընթացքում Սեւանա լճից վերցրած ջրի քանակին, Մելքոնյանն ասաց, որ Սեւանից վերցվել է 43.5 մլն խմ ջուր, այս տարվա ընթացքում՝ 29 խմ։
Ջրային պետական կոմիտեի նախագահը խոսեց նաեւ ջրամբարներից, նշելով, որ 41 մլն խմ ավելի ջուր կա նախորդ տարվա համեմատ, սակայն այդ թիվն էլ է տատանվում, քանի որ ամեն օր համեմատականներ են տարվում այդ թվերի միջեւ։