Խոստովանել է մեկ տարի առաջ կատարած գողությունը, բայց ոսկեղենն արդեն չկա, ծախել է
Անցած տարվա օգոստոսի 26-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում բնակարանային գողության դեպք էր արձանագրվել։ Գողացել էին ոսկյա զարդեր՝ տուժողին պատճառելով 800 հազար դրամի վնաս։
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 09.30-ին, պարզվել է, որ գողությունը կատարել է Ոսկեհատ գյուղում ապրող 26-ամյա տղամարդը։ Նա գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք, որ գողությունը կատարել է ինքը, իսկ ոսկյա զարդերն իրացրել է շուկայում:
Ձեռնարկվում են միջոցառումներ ոսկյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: