Ի՞նչն է խանգարում հայկայկան նորաձևության տարածմանն ու ինչպե՞ս նպաստել ոլորտի զարգացմանը. միջազգային մասնագետի խորհուրդը
Fashion Forum Yerevan 2019-ի նախաձեռնութամբ հայ դիզայներները, ոլորտով հետաքրքրված լրագրողներն ու ուսանողները հնարավորություն են ստանում ներկա գտնվելու արտերկրից ժամանած մասնագետների դասընթացներին: Ֆորումի շրջանակում երեկ «Թումո» կենտրոնում ելույթ ունեցավ նաև հայտնի բլոգեր և նորաձևության դասախոս Մարինա Բառիկինան: Նա խոսեց գլոբալ նորաձևության գործընթացին Հայաստանի ինտեգրման և հայկական նորաձևության ոլորտը զարգացնելու ուղիների մասին:
«Հայաստանը մշակույթի առումով զարգացած երկիր է, սակայն, ցավոք, հայկական նորաձևության մասին շատ քչերը գիտեն»,-նկատեց Մարինան: Նորաձևության մասնագետը հիշեց Ստելա Մաքսվելի՝ 2016 թ-ի ֆոտոշարքը, որն իրականացվել էր Հայաստանում Vouge Russia-ի համար:
Աշխարհահռչակ մոդելը հայուհու կերպարում լուսանկարվել էր հայկական գորգերի և քաղաքի ֆոնին: Լուսանկարների հեղինակը ամերիկահայ լուսանկարիչ և Ստելայի լավ ընկեր Դավիթ Մուշեղյանն էր, իսկ ահա հագուստը, որով ներկայացել էր մոդելը, թեև իր մեջ կրում էր հայկական տարրեր, ոչ թե հայ, այլ եվրոպացի դիզայներների ձեռքի աշխատանք էր:
«Այդ ֆոտոշարքից կարելի է կրկին ենթադրել, որ եվրոպական մշակույթը ներդաշնակ է հայկականի հետ, բայց հատկանշական է, որ մոդելը հայ դիզայների հագուստով չէ»,-նշեց նա:
Ըստ Մարինայի՝ հայկական նորաձևության ճանաչելիությանը կարող են խթանել մի քանի գործոններ, որոնցից մեկն, օրինակ, նորաձեւության թեմայով օնլայն ամսագրերի ստեղծումն ու բլոգինգի զարգացումն է.
«Ոչ միայն ԶԼՄ-ները, այսօր յուրաքանչյուս կարող ենք տարածել ինֆորմացիա սոցիալական ցանցի, մասնավորապես, Instagram-ի միջոցով: Շատ հայեր չգիտեն հայ դիզայներների մասին: Խնդիրներից մեկն էլ այն է, որ այստեղ քիչ են օնլայն խանութները, ինչը բացելը դժվար չէ: Մարդիկ հաճախ չեն գնում բրենդային խանութներ՝ վախենալով, որ դրանց գներն իրենց գրպանին հարմար չեն լինի, բայց նրանք հեշտությամբ կարող են այդ գներին ծանոթանալ օնլայն հարթակում և ավելի համարձակ լինել իրենց որոշումների մեջ»:
Մանագետը կարևորեց նաև հայտնիների գործոնը՝ տեղական արտադրանքի ճանաչելիության բարձրացման հարցում, քանի որ շատերը դիտելով հեռուստացույց՝ ոգեշնչվում են այս կամ այն հայտնի մարդու հագուստից և որոշում ունենալ նմանատիպ նմուշ:Ուստի, Մարինան կարևորում է հայ դիզայներների և հայտնիների միջև համագործակցությունը, ինչը ևս տարածում կտա հայկական բրենդներին: Իսկ եթե ցանկություն կա ճանաչված լինել նաև դրսում, նա խորհուրրդ է տալիս համագործակցել նաև դրսի բլոգերների հետ:
Նորաձևության վարպետը ևս մեկ խոհուրդ տվեց ոլորտի հայ ներկայացուցիչներին. անցյալին վերադառնալը լավ է, բայց ոչ մոտ անցյալին, այլ վաղ: Պետք չէ նայել, թե ինչն էր նորաձև 5 տարի առաջ, ավելի հեռուն պետք է գնալ, օրինակ՝ 30-40 տարի առաջ, որովհետև նորաձեւությունը հաճախ նոր շունչ է ստանում երկար տարիներ անց:
Մարինան կարևորում է նաև street style լուսանկարների կիրառությունը, որոնք ըստ մասնագետի՝ Հայաստանում այնքան էլ ճիշտ չեն արվում: Այդ առումով՝ նա հայ աղջիկներին խորհուրդ է տալիս չծանրաբեռնել իրենց արդեն իսկ վառ արտաքինը առատ աքսեսուարներով և շատ դիմահարդարմամբ:
Իսկ վերջում հավելեց. «Հայաստանն ունի լավ դիզայներներ, որոնց կարող են կրկնօրինակել նաև դրսում»:
Սյունե Առաքելյան