Գամբիայի նախկին նախագահը բռնաբարել է կանանց եւ ստիպել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ
Գամբիայի նախկին նախագահ Յախյա Ջամեն բռնաբարել է կանանց եւ ստիպել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ՝ առաջարկելով գումար, նվերներ եւ այլ առավելություններ: Այս մասին հայտնել են Human Rights Watch-ի ներկայացուցիչները:
«Յախյա Ջամեն գամբիացի կանանց վերաբերվում էր որպես սեփականության: Բռնաբարությունն ու սեռական բռնությունը հանցագործություն են, եւ Ջամեն օրենքից վեր չէ, եւ ոչ մի կին նրանից ցածր չէ»,- ասել է իրավապաշտպան Ռիդ Բրոդին:
Ջամեն երկիրը ղեկավարել է 22 տարի, 2016 թվականի դեկտեմբերին ընտրություններում պարտությունից հետո փախել է Հասարակածային Գվինեա:
Նրա ռեժիմը հայտնի էր իր դաժանությամբ եւ կոռուպցիայով, սակայն առաջին անգամ կանանց նկատմամբ նրա սեռական բռնությունը հանրայնացվել է:
Human Rights Watch-ի եւ TRIAL International շվեյցարական ոչ կառավարական կազմակերպության հետաքննությունը հիմնված է մի քանի կանանց, գամբիացի նախկին պաշտոնյաների եւ մի քանի այլ վկաների ցուցմունքների վրա:
Ջամեն ուներ «պրոտոկոլային աղջիկներ», որոնց կանչում էր նրանց հետ սեռական հարաբերություն ունենալու համար:
«Նա ընտրում էր երիտասարդ կանանց, որպեսզի բավարարեր իր սեռական երեւակայությունը»,- ասվում է զեկույցում:
Նա այդ կանանց շքեղ նվերներ էր մատուցում կամ աջակցում նրանց ընտանիքներին՝ կրթաթոշակ կամ արտասահմանում ուսում առաջարկելով:
Նրանք պետք է ապրեին իր նստավայրի մոտ, եւ չէին կարող դուրս գալ առանց իր թույլտվության: Եթե նրանք հրաժարվում էին սեռական հարաբերություն ունենալ, նա սպառնում էր եւ ծեծում նրանց:
Ջամեի զոհերից էր գեղեցկության մրցույթի հաղթող Տուֆա Ջալլոուն, որն այդ ժամանակ 18 տարեկան էր:
Նրա խոսքով՝ 6 ամիս նա հրաժարվել է Ջամեի առաջարկներից եւ «պրոտոկոլային աղջիկ» լինելուց, սակայն իրեն առեւանգել են եւ փակել սենյակում, որտեղ Յախյան նրան ծեծել է եւ բռնաբարել: Մի քանի օր անց նա փախել է Սենեգալ:
Ջամեին մեղադրում են նաեւ հարյուր միլիոնավոր դոլարներ յուրացնելու մեջ: