Լոռու մարզում ժայռ են պայթեցրել՝ սողանքը վերացնելու համար
Լոռու մարզի Աթան համայնքի տարածքում երեկ՝ հունիսի 25-ին, սողանքի վերացման ուղղությամբ գործողություններ են իրականացվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Մարց-Աթան ավտոճանապարհի 25 կմ հատվածում մոտ 200 մետր երկարության հատվածը սողանքային է եւ վտանգ է ներկայացնում վարորդների ու անցորդների համար։
Հետազոտման աշխատանքները սկսվել են մոտ 1 ամիս առաջ, որոնց արդյունքում որոշվել է սողանքի արհեստական իջեցումն իրականացնել պայթեցման միջոցով։
Ըստ աղբյուրի՝ ողջ ժայռի տակով ջուր է հոսում և պետք էր բացել ջրի հոսքն ու արագացնել սողանքային հատվածի իջեցումը։ Սակայն պայթցումից հետո պարզ է դարձել, որ ամբողջ շերտը չի իջել, և սողանքի վտանգը դեռ առկա է։ Ներքևի հատվածն իջել է, սակայն մասնագետները նշեցին, որ 1-2 օրից վերևի մասն ինքն իրեն կփլուզվի։
Կառավարությունը հետազոտության ու պայթեցման աշխատանքների համար հատկացրել է մոտ 25 մլն դրամ։