Հայ և ռուս մաքսային ծառայողները համատեղ ուսումնավարժություն են անցկացրել. Համագործակցության առանցքում թմրանյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարն է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի
վարչությունը ՌԴ դաշնային մաքսային ծառայության մաքսանենգության դեմ պայքարի
գլխավոր վարչության հետ համատեղ հերթական ուսումնավարժությունն են անցկացրել:
Իրական պայմաններին մոտ իրավիճակներում Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայողները փոխանակել են թմրանյութերի անդրսահմանային ապօրինի շրջանառության կանխման գործնական փորձը: Ուսումնավարժությունն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի
վարչության աշխատակիցները մեկնել են Մոսկվա, իսկ երկրորդ փուլի ժամանակ
ռուս գործընկերներն են ժամանել Երևան: Ըստ սցենարի` օդանավակայանից
մինչև հասցեատեր թմրանյութի տեղափոխման ամբողջական շղթան բացահայտվել է գործընկեր երկրների միջև միջազգային վերահսկելի մատակարարման շրջանակներում տեղեկատվության փոխանակման շնորհիվ:
Միջոցառմանը ներգրավված են եղել նաև ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի
վարչության շնագիտական բաժնի ու հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները:
Պարբերական ուսումնավարժությունների միջոցով Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է թմրանյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդները:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին