Թվում է՝ պարոն Մարուքյանն իրենց բակի բեսեդկայում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող աղջկա հետևից. Արեն Մկրտչյան
Ինձ թվում է, որ պարոն Էդմոն Մարուքյանն իրենց բակի բեսեդկայում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցիկ մի աղջկա հետևից: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի նախօրեին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում արված հայտարարությանը: Վերջինս խոսելով Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի ավելացման անհրաժեշտության մասին կոչ էր արել «Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան և մեր փայլուն աշխատող Կառավարությանը այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն և այդ խնդիրը կարգավորեն»:
Արեն Մկրտչյանը նշեց. «Ես ուզում եմ հիշեցնել, որ պարոն Մարուքյանը պատգամավոր է և խոսում է Քաղավիացիայի պետի մասին: Կոչ եմ անում հարգել պատգամավորի մանդատը և դրսևորել իրեն որպես կլասիկ պատգամավորի, այլ ոչ ռաբիս պատգամավորի պես»:
«Իմ քայլը» խմբակցությունից Գևորգ Պապոյանն էլ հավելեց. «ԱԺ պատգամավորները պարտավոր են պատգամավորին հարիր վարքագիծ դրսևորեն, հատկապես հանրային ելույթներում եւ հանրային վայրերում: Ուզում եմ տեղեկացնել, որ ոչ քաղաքական, անհիմն, ոչ գեղեցիկ, չեմ ուզում ավելի խիստ բնորոշումներ տալ, նման գռեհիկ ձևակերպումները հենց ԱԺ-ում կստանան արժանի պատասխան: Հուսով եմ, որ նման վարքագծից մեր գործընկերներն այսուհետ կհրաժարվեն»:
Այս ելույթներին արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը. «Շնորհակալ եմ, որ այստեղ հիշեցրին պարոն Մարուքյանի շատ կառուցողական առաջարկի մասին: Ես հուսով եմ, որ այն տեղ է հասել: Ես խորհուրդ եմ տալիս, որ ֆեյսբուքյան գրառումների մակարդակով այստեղ քոմենթներ չանել, հատկապես, որ պարոն Մարուքյանը դահլիճում չէ: Ընդհանրապես, եթե ասվում է մի բան, արվում է առաջարկ, ի դեպ, որ միշտ մեզ ասում եք՝ արեք առաջարկներ, առանց ռեպլիկներ անելու վերցրեք այդ կառուցողական առաջարկը, գնացեք ձեր կառավարության մոտ և ասեք, որ կա կառուցողական առաջարկ և փորձեք հարցը լուծել: Այստեղ ֆեյսբուքյան ստատուսներ մի գրեք, խնդրում եմ»:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ նկատեց. «Կարծում եմ՝ խոսքը ոչ թե առաջարկի մասին էր, այլ ոճաբանության: Առաջարկ միշտ կարելի է անել, բայց դա ձև ունի»: