Հուլիսի 8-ից Georgian Airways-ը կառաջարկի ուղևորներին Թբիլիսի-Երևան-Թբիլիսի տրանզիտային թռիչքներ
Դեպի ռուսական քաղաքներ ուղիղ ավիափոխադրումներ կատարելու արգելքի պատճառով հուլիսի 8-ից վրացական Georgian Airways-ը կառաջարկի ուղևորներին Թբիլիսի-Երևան-Թբիլիսի տրանզիտային թռիչքներ, հաղորդում է Նովոստի Արմենիա-ն՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ Տրանսպորտի նախարարությունում հայտնել են, որ դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ վրացական ավիաընկերությունների թռիչքները կդադարեցվեն մինչև անվտանգության հաստատումը և նավիգացիոն սպասարկման համար Վրաստանի կողմից պարտքերի մարումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Operativ.am-ը, «Աէրոֆլոտ»-ը ևս հայտարարել էր, որ ընթացիկ տարվա հուլիսի 8-ից ամբողջությամբ դադարեցնում է դեպի Վրաստան չվերթների իրականացումը. որպես Վրաստան ուղևորության այլընտրանքներից առաջարկել է դեպի Երևան թռիչքը:
«Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվում է իրականացնել օդային փոխադրումներ ՌԴ-ից դեպի Վրաստան: Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ արգելքները կվերաբերեն նաև օդային բեռնափոխադրումներին: Այն դեպքում, եթե արգելքները կիրառվեն հուլիսի 8-ից, Georgian Airways ավիաընկերությունը կառաջարկի իր ուղևորներին Թբիլիսի-Երևան-Թբիլիսի տրանզիտային թռիչքներ»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ հունիսի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արգելել է հուլիսի 8-ից օդային փոխադրումները երկրում Վրաստանում բողոքի ցույցերի ֆոնին: Համաձայն հրամանագրի՝ տուրօպերատորներին խորհուրդ է տրվում խուսափել դեպի Վրաստան ուղեգրերի վաճառքից: Միևնույն ժամանակ ռուսական կառավարությունը պետք է քայլեր կատարի Վրաստանում ժամանակավորապես գտնվող բոլոր ռուսներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Ներկայումս դեպի Վրաստան չվերթներ են իրականացնում ռուսական վեց ավիաընկերություններ՝ «Աէրոֆլոտ», S7, «Ուրալյան ավիաուղիներ», Red Wings, «Պոբեդա» և «Նորդավիա» (այս տարի սկսել է աշխատանքը Smartavia ապրանքանիշի ներքո): Բոլոր նրանք արդեն դադարեցրել են ավիատոմսերի վաճառքը և հայտարարել հուլիսի 8-ից դեպի Վրաստան թռիչքները դադարելու մասին: