Թրամփը Մարկ Էսպերային առաջադրել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մարկ Էսպերային Պենտագոնի ղեկավարի պաշտոնում առաջադրելու մտադրության մասին: Ուրբաթ այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: ԱՄՆ-ի ցամաքային ուժերի նախարարը պետք է արդեն հունիսի 24-ին փոխարինի պաշտպանական գերատեսչության պաշտոնակատար Պատրիկ Շանահանին, հաղորդում է DW-ն:
Շանահանի հրաժարականը նախագահը բացատրել է նրանով, որ Պենտագոնի պաշտոնակատարը ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:
Պենտագոնի ղեկավարի ներկայիս փոխարինումը արդեն երկրորդն է վերջին կես տարում: Շանահանը Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը ստանձնել էր 2019-ի հունվարի 1-ին՝ փոխարինելով Ջեյմս Մաթիսին: Վերջինս այդ ժամանակ հրաժարական էր տվել մեկ օր անց այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին:
«Դուք իրավունք ունեք աշխատել այնպիսի պաշտպանության նախարարի հետ, որի հայացքներն ավելի շատ կհամընկեն ձեր դիրքորոշումների հետ», - ասվում էր Թրամփին ուղղված Մեթիսիի նամակում: