Հավատալով իմ հորինած ստին՝ ես քաղաքապետարանին տալիս եմ հնարավորություն փրկվելու խայտառակությունից. Ալեքսանդր Կոչուբաեւ
Ես ցանկանում եմ հավատալ այն ստին, որ քաղաքապետարանը կոմպետենտ չի գտնվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։
«Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի շուրջ ստեղծված խնդրի մասին
Ինչպես հայտնել էի Երեւանի քաղաքապետարանը մերժել է իմ վստահորդին (իրավատիրոջը) պատկանող գրքի գովազդի թույլտվության տրամադրումը։ Չէի հասցրել ուշքի գալ քաղաքապետարանի նախորդ աղաղակող խախտումից, ստեղծվեց այս խնդիրը։
Երեւանի քաղաքապետարանը ո՛չ մերժել է գովազդի թույլտվության տրամադրումը, ո՛չ բավարարել է այն եւ ո՛չ էլ մատնանշել է, թե դիմումի թերությունը ինչումն է կայանում։ Ստեղծվել է իրավիճակ, երբ մենք չգիտենք դիմումի մեջ ինչը շտկենք, որպեսզի ստանանք գովազդի թույլտվությունը։ Անկեղծ, ես ուղղակի չեմ ուզում հավատալ, որ գիրքը եւս քաղաքական շահարկումների առիթ է դարձել։ Ես ցանկանում եմ հավատալ այն ստին, որ քաղաքապետարանը կոմպետենտ չի գտնվել։ Խնդրի լուծման նպատակով փորձեցի դիմել գովազդի վարչության պետին, սակայն ինձ հայտնեցին, որ տեղում չէ, հետո կզանգի, մնացածը՝ ըստ սցենարի։
Հավատալով իմ հորինած ստին՝ ես քաղաքապետարանին տալիս եմ հնարավորություն փրկվելու խայտառակությունից։ Երկուշաբթի կմուտքագրեմ վերադասության կարգով վարչական բողոք՝ հույս ունենալով, որ կհաղթանակի ողջախոհությունը։
Խնդրի իրավական կողմը։ Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀօրենքի 32-րդ հոդվածի՝ Եթե դիմումում առկա են ձեւական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա վարչական մարմինը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա վարչական մարմինը դիմողին առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այդ ցանկը:
Վկայակոչված նորմի իմաստով՝ եթե վարչական մարմինը դիմումի մեջ հայտնաբերում պրոցեսուալ խախտումներ պարտավոր է մատնացույց անել դրանք»,–նշել է։