«Ս-300» ԶՀՀ. Օրվա և գիշերվա ցանկացած ժամին, ցանկացած եղանակին պատրաստ են Հայաստանի սահմանների պաշտպանությանը (լուսանկարներ)
Շարունակվում են կրակային պատրաստության զորավարժությունները` Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի մասնակցությամբ: Զորավարժությունների շրջանակում մի խումբ լրագրողների համար կազմակերպվել էր այցելություն Հայաստանի ԶՈՒ ՀՕՊ զորամասերից մեկը, որի սպառազինության մեջ է նաև երկրի սահմանների մարտական պաշտպանության Ս-300 զենիթահրթիռային համալիրը:
Ուսումնական մարտական տագնապով զորամասի անձնակազմը մարտական պատրաստության է բերել ԶՀՀ-ն՝ ցուցադրելով կարգապահության և օպերատիվության բարձր աստիճան:
Մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սևակ Թորոսյանը նշել է, որ զորավարժությունների շրջանակում անցկացվում են ինչպես նոր զենիթահրթիռային համալիրների, այնպես էլ արդիականացված ԶՀՀ-ների փորձարկումներ: Անցկացվում են նաեւ տեղական արտադրության ռադիոլոկացիոն կայանների փորձարկումներ: Պաշտպանության բանակի ուժերի և ՀՕՊ միջոցների հետ մշակվում են համակարգման հարցերը:
Համակարգը մարտական պատրաստության հասցնելու համար անհրաժեշտ է մինչև 6 րոպե: Նշված ժամանակից հետո ԶՀՀ-ները լիակատար մարտական պատրաստության վիճակում են և պատրաստ են կատարել հանձնարարված մարտական խնդիրները: Ս-300 համալիրները շարժական են և կարող են տեղափոխվել ցանկացած վայր:
«Ստորաբաժանումն իրականացնում է շուրջօրյա մարտական հերթապահություն: Մենք պատրաստ ենք ցերեկվա և գիշերվա ցանկացած պահի, ցանկացած եղանակին հակադարձել ցանկացած ոտնձգության»,- ընդգծել է Սևակ Թորոսյանը: