Զոհրաբ Մնացականյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են համագործակցությունը
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեւիդ Հեյլը քննարկել են համագործակցությունը:
Պետդեպարտամենտի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու հնարավորությունները: Հեյլն ընդգծել է հետագա բռնության կանխումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում առաջընթացի հասնելու կարեւորությունը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ համագործակցության ուղղությունները, ինչպես օրինակ՝ օրենքի գերակայությունը, հատկապես՝ դատական իշխանության անկախության նկատմամբ:
Հեյլը նշել է մի շարք հարցերով վարչակազմի առաջնահերթությունները, ներառյալ՝ կիբերանվտանգությունը, առեւտրային եւ ներդրումային պրակտիկան եւ պատժամիջոցների քաղաքականությունը: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն ու հայ ժողովրդին վերջին մեկ տարում ժողովրդավարության զարգացման գործում առաջընթացի համար: