ՀՀ իշխանությունները չեն ցանկանում ֆինանսավորել Սևանա լճի հետազոտությունը. գիտնականների բողոքը
Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում ֆինանսավորել Սևանա լճի հետազոտությունը։ Այս մասին հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը։
Փորձագետը մտահոգություն է հայտնել, որ Շրջակա միջավայրի նախարարությունն այս տարի հրաժարվել է մրցույթ հայտարարել Սևանի վիճակը գնահատելու հետազոտության համար։ «Իշխանությունները դա պայմանավորում են նրանով, որ այն ֆինանսավորումը, որ կարող են տարամադրել, միևնույն է՝ մեծ չէ (ընդամենը 7 մլն 600 հազար դրամ), և դա բավական չէ լճի համալիր հետազոտման համար։ Սակայն նման բացատրությունն անհամոզիչ է, քանի որ ինստիտուտը մինչև այժմ համագործակցում էր նաև ռուսաստանցի գործընկերների հետ, և հետազոտությունները շատ հաջող էին։ Լճի վիճակի գնահատականը կենսականորեն կարևոր նշանակություն ունի Սևանի ամբողջ էկոհամակարգի համար»,- ընդգծել է Ղուկասյանը։
Նա նկատել է, որ իրավիճակն այնքան էլ կրիտիկական չէ, բայց խնդիրներ կան, մասնավորապես, ձկների պոպուլյացիայի աճի տեմպի տեսակետից։ «Կա ձկների պոպուլյացիայի որոշ աճ, որն այս տարի կազմել է 2950 տոննա, մեծ մասը՝ սիգ։ Իշխանի բաժինը կազմել է 1,5 տոննա։ Բոլոր ձկնատեսակների արտադրական բաժինը կազմում է 750 տոննա, բայց բազմացման նպատակով մենք ձգտում ենք սահմանափակել մեծ քանակությամբ որսը։ Միևնույն ժամանակ, շարունակվում է մաքսանենգությունը, որը խոչընդոտում է առաջադրված նպատակի իրականացմանը։ Բացի այդ, գետերի վատ վիճակը նույնպես բացասական ազդեցություն է ունենում աճի տեմպերի վրա։ Սևանի իշխանի մանրաձկներ 2016-2017 թվականներին 1,5 մլն քանակությամբ բաց են թողնվել լիճ, բայց դրանց միայն 20 տոկոսն է վերադարձել»,- նշել է նա։
Գիտնականը շեշտեց, որ գրանցվել է Սևանում խեցգետնի պոպուլյացիայի կտրուկ անկում՝ 4 հազար տոննայից մինչեւ 2,6 տոննա: Սա հիմնականում պայմանավորված է խեցգետին որսալու համար չինական ցանցի օգտագործմամբ: «Այս ցանցերը թույլ են տալիս որսալ նաև այն խեցգետինները, որոնք կարող են նպաստել պոպուլյացիայի աճին»,- ասաց փորձագետը:
Նա հավելեց, որ Սևանում ֆոսֆորի բավականին բարձր մակարդակը կարող է որոշակի սպառնալիք ներկայացնել խեցգետիններին: «Ֆոսֆորի առկայությունը ծաղկման հետևանք է, որը դիտվել է անցյալ տարի: Այս տարի այն ավելի քիչ կլինի, սակայն այս երևույթը նպաստում է խեցգետինների շրջանում որոշակի հիվանդությունների հնարավոր զարգացմանը»,- եզրափակեց Էվելինա Ղուկասյանը: