Շորթման կասկածանքով լրագրողի անունը հայտնի է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ լրագրողի կողմից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինս ձերբակալվել է:
ՀՀ Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 18-ին «Հայկական ժամ» (Hzham.am) խմբագրության լրագրողը (Գայանե Մանուկյան) այցելել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալի աշխատասենյակ և ներկայանալով որպես լրագրող՝ հայտնել է, որ տեղեկություններ ունի՝ իբրև վերջինիս կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և այդ առնչությամբ շուրջ 41.000.000 ՀՀ դրամի չափով չվճարված հարկային պարտավորություններ ունենալու վերաբերյալ:
Լրագրողը գումարտակի հրամանատարի տեղակալին հայտնել է նաև, որ պատրաստվում է այդ վարկաբեկիչ տեղեկությունը հրապարակել չորս լրատվամիջոցներով, և այն չհրապարակելու համար վերջինից պահանջել է խոշոր չափերի՝ 800.000 ՀՀ դրամ գումար՝ ակնարկելով, որ պահանջված գումարի չափը հնարավոր է նվազեցնել:
2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Հայկական ժամ» խմբագրության լրագրողը, այցելելով գումարտակի հրամանատարի տեղակալի աշխատասենյակ, նախկինում ներկայացրած սպառնալիքով պահանջել և շորթմամբ ստացել է 400.000 ՀՀ դրամ գումար, որից անմիջապես հետո ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն աշխատասենյակում բռնվել է:
Դեպքի վայրի զննությամբ լրագրողի պայուսակում հայտնաբերվել է գումարտակի հրամանատարի տեղակալից ստացած 400.000 ՀՀ դրամ գումարը:
Դեպքի առթիվ 2019թ. հունիսի 19-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:
Ավելի վաղ Operativ.am-ը հայտնել էր, որ Լրագրողի պայուսակից ոստիկանները հայտնաբերել են շորթմամբ հափշտակած գումարը (տեսանյութ)