Ո՞վ է կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի խնամակալը
News.am–ի տեղեկություններով՝ խոշոր չափով յուրացման և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ում խնամում է իր որդին՝ Սամվել Գրիգորյանը։
Ավելի վաղ «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին տեղեկացրել էր , որ Գրիգորյանը դիմել է նաև խնամակալ ունենալու հարցով, ինչին իրենք չեն առարկել։ Ներկայումս Գրիգորյանը գտնվում է ԲԿ–ի հիվանդասենյակում և բժիշկների պնդմամբ՝ դժվարությամբ է տեղաշարժվում։
Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: