Ֆրանչեսկո Տոտին հեռացավ «Ռոմայի» տնօրենի պաշտոնից
«Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին հեռացավ իտալական ակումբի տնօրենի պաշտոնից։ Այդ մասին նա հայտարարել է հատուկ հրավիրած ասուլիսում։
«Ես ազատման դիմում եմ գրել։ Հույս ունեի, որ գործը սրան չէր հասնի, բայց ոչինչ չփոխվեց։ Ինձ համար ահավոր ցավալի է այս փաստը։ Հաշվի առնելով հանգամանքները՝ սա միակ ճիշտ որոշում էր»,- Տոտիի խոսքը մեջբերում է Gazetta.it-ը։
2006թ․ աշխարհի չեմպիոն Տոտին ֆուտբոլիստի կարիերան «Ռոմայում» ավարտել էր 2017-ին եւ անմիջապես նշանակվել մայրաքաղաքային ակումբի տնօրեն։
Տոտին դժգոհ է, որ կարևոր որոշումներն ակումբում ընդունվում են առանց իր մասնակցության։
Տոտին «Ռոմայում» անցկացրեց 30 տարի, պատանեկան թիմի կազմում առաջին խաղն անցկացրել է 1989 թվականին։ «Ռոմայի» կազմում Տոտին դարձել է Իտալիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։