46 համարի երթուղայինի վարորդը հեռացվեց աշխատանքից (Տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն հրավիրված՝ Երևանի թիվ 46 սպասարկող երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցչի հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Facebook-ի գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Նախօրեին տարածված տեսանյութում 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը:
Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից:
Ուղևորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղևորների հետ շփման վարքականոնը, ինչպես նաեւ ավելի ուշադիր լինել Ճանապարհային երթեւեկության կանոնները պահպանելու հարցում:
Ուզում եմ նշել նաև, որ առհասարակ վարորդների վարքագծի հետ կապված խնդիրները գործող տրանսպորտային համակարգի պայմաններում լուծել, ըստ էության, հնարավոր չէ: Հարցի խորքային լուծումը կտրվի այն ժամանակ, երբ ուղևորները կօգտվեն հարմարավետ ու արժանապատիվ տրանսպորտից, իսկ վարորդը կաշխատի նորմալ պայմաններում, պարզ ասած, վարձատրությունը կախված չի լինի ուղևորների քանակից:
Այս ամենն իրագործելու համար քաղաքապետարանը ներկայումս ինտենսիվ աշխատանք է տանում՝ տրանսպորտի նոր ցանցը հնարավորինս շուտ գործարկելու ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ երեկ Երևան քաղաքի 46 համարի երթուղայինում վեճ էր տեղի ունեցել վարորդի և ուղևորի միջև: Ֆեյսբուքյան օգտատեր Անի Խաչատրյանը հրապարակել էր տեսագրությունը: Երթուղայինի վարորդից Անի Խաչատրյանը պահանջել է դադարեցնել ծխելը, վարորդն էլ իր հերթին պահանջել էր, որ նա դուրս գալ երթուղայինից, հակառակ դեպքում՝ կկանգնեցնի մեքենան և չի քշի: Այնուհետև ուղևորներից մի քանիսը սկսել են պաշտպանել վարորդին, և վիճաբանություն է սկսել: Ի վերջո, երթուղայինի վարորդը կանգնեցրել է մեքենան: Քաղաքացին, որը պահանջել էր վարորդից դադարեցնել ծխելը, դուրս է եկել մեքենայից, մյուս ուղևորները շարունակել են ճանապարհը: