Ղազախստանի ԿԸՀ-ը սկսել է ձայների հաշվարկը
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններին քվեարկել է ընտրողների 77.4 տոկոսը: Այդ տվյալները ներկայացերլ է հանրապետության ԿԸՀ-ը, որը սկսել է ձայների հաշվարկը: Նախնական տվյալերը հայտնի կդառնան հունիսի 10-ին՝ կեսգիշերին:
Նշենք, որ երկրի ղեկավարի պաշտոնի համար հավակնում են յոթ թեկնածուներ. Ժամբիլ Ահմետբեկովը «Կոմունիստական ժողովրդական կուսակցությունից», Դանիա Եսպաեւան «Ակ ժոլ» կուսակցությունից, Ամիրժան Քոսանովը «Ազգի ճակատագիր» ազգային հայրենասիրական շարժումից, Տոլեուտայ Ռահիմբեկովը «Աուիլ» կուսակցությունից, Ամանգելդի Թասպիհովը Ղազախստանի Արհմիությունների ֆեդերացիայից, Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը (Ղազախստանի գործող նախագահը) Nur Otan կուսակցությունից, Սադիբեք Թուգելը «Մեծ անապատի արծիվներ» հասարակական միավորումից:
Ընտրություններն ուղեկցվել են Նուր Սուլթանում եւ Ալմաթայում կայացած հանրահավաքներով: Nur.kz-ը, հղում անելով հանրապետության ՆԳ փոխնախարար Մարատ Կոժաեւին, հաղորդում է, որ Նուր Սուլթանում եւ Ալմաթայում այսօր անօրինական ակցիաների անցկացման վայրերից բերման է ենթարկվել շուրջ 500 մարդ:
Նուր Սուլթանում կասեցվել են բանուկ փողոցը փակելու եւ տրանսպորտային կոլափս ստեղծելու փորձերը: Կոժաեւը նաեւ հայտարարել է, որ սոցցանցերում տարածվող տեղեկատվությունը ոստիկանությունից տուժածների եւ անգամ զոհերի մասին չի համապատասխանում իրականությանը: