Չինաստանը ստեղծում է իր տեխնոլոգիաները պաշտպանելու համակարգ
Չինաստանը ստեղծում է իր տեխնոլոգիաները պաշտպանելու համակարգ, քանի որ ԱՄՆ-ը սահմանափակում է չինական ընկերությունների համար ամերիկյան տեխնոլոգիաների հասանելիությունը աճող առեւտրային վեճի պայմաններում, հաղորդում է AP-ը:
People's Daily չինական թերթը հայտնել է, որ համակարգը կստեղծի հզոր բրանդմաուեր նորարարությունների նկատմամբ երկրի կարողությունները հզորացնելու եւ առանցքային տեխնոլոգիաների զարգացումն արագացնելու համար: «Չինաստանը երբեք թույլ չի տա որոշ երկրներին օգտագործել չինական տեխնոլոգիաները Չինաստանի զարգացմանը խոչընդոտելու եւ չինական ձեռնարկությունների վրա ճնշում գործադրելու համար»,-ասվում է Չինաստանի իշխող Կոմունիստական կուսակցության նախօրեին հրապարակած փաստաթղթի մեջ առանց Միացյալ Նահանգներին հղում անելու:
Նպատակն է արդյունավետորեն նախազգուշացնել եւ վնասազերծել ազգային անվտանգության ռիսկերը, նշում է Սինհուան:
Այդ նախաձեռնությունը ստեղծվել էր՝ ի պատասխան ազգային անվտանգության նկատառումներից ելնելով ԱՄՆ-ի՝ Huawei Technologies-ի եւ այլ չինական տեխնոլոգիական ընկերությունների վաճառքները սահմանափակելու գործողություններին:
ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը անցած ամիս ներառել էր Huawei-ին կազմակերպությունների սեւ ցուցակում, որոնք զբաղվում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության կամ արտաքին քաղաքականության շահերին հակասող գործունեությամբ:
Դա նշանակում է, որ Huawei ընկերությանը ԱՄՆ-ի տեխնոլոգիաների ցանկացած վաճառքը պետք է հաստատվի նախ Առեւտրի նախարարության կողմից:
ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը մշակում է օտարերկրյա ընկերությունների սեփական ցուցակը, որոնք համարվում են «անհուսալի»: