Ովքե՞ր են կանգնած Աբովյանի միջադեպի հետևում. Ռոմանոս Պետրոսյանը վարկածներ է առաջ քաշում
Այսօր Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված որևէ վարկած բացառված չէ, այդ թվում քաղաքական: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` անդրադառնալով Աբովյանում ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի մեքենան և բնակարանի դուռը հրկիզելու միջադեպին:
«Անկախ իրականացված այս ակտի բուն նպատակից և մոտիվացիայից սա միանշանակորեն զազրելի, շատ խիստ քրեորեն պատժելի արարք է: Բուն մոտիվի մասին զերծ կմնամ որևէ բան ասելուց, բայց որևէ վարկած բացառված չէ, այդ թվում քաղաքական, այդ թվում վախի մթնոլորտ տարածելու, այդ թվում գուցե անձնական վրեժխնդրության ինչ-որ, ինչը կոնկրետ այդ անձին ճանաչելով քիչ հավանական եմ համարում: Բայց խոշոր հաշվով ընտրությունների նախօրեին նման քայլը ինչ-որ շրջանակների կողմից դատապարտելի եւ մերժելի է իրավական պետության բոլոր գործիքակազմով»,- ասաց նա:
Մարզպետը նշեց, որ ինքն այս պահին դեպքի վայրում է, այնտեղ ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում:
«Հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, բնականաբար սադրանքի չենք տրվելու, իրավական բոլոր գործիքակազմերով հակադարձելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության: Մենք ոչ մեկի հետ թշնամություն չունենք բացառությամբ զոռբա, ապօրինի և հին քաղաքական ն մշակույթը կրող գործիչների, մեր թշնամին ապօրինություններն են մեր քաղաքում, իրենց օրենքից վեր դասողներն են, քաղաքում իրենց արտոնյալ համորղներն և Աբովյանում օրենքի գերայություն լինելու է բառի իրավական, քաղաքական սոցիալական առումներով»:
Մարզպետը հավաստիացրեց, որ միջադեպը չի կարող ապակայունացնել կամ լարվածություն ստեղծել քաղաքում և այս միջադեպն ըստ մարզպետի ևս մեկ խթան է աբովյանցիների համար, որ վաղը գնան ընտրատեղամաս և քվեարկեն օրենքի գերակայությունը հռչակած թեկնածուի օգտին:
Նշենք, որ այսօր Աբովյանում հրկիզել են քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան և բնակարանի դուռը , նրա որդին այրվածքներ է ստացել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 46 ամյա բնակիչը ճանաչվել է տուժող:
Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ
Նախաքննությունը շարունակվում է: