Աբովյանում գիշերը հրկիզել են քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի պետի բնակարանն ու մեքենան. Կա վիրավոր
Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի 28 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարարների մեկ մարտական հաշվարկ, որը մարել է 28 շենքի բակում կայանված Nissan Tiida մակնիշի 35 OX 487 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի (գույքի դիտավորյալ ոչնչացում) հատկանիշներով:
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Աբովյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վահան Սարիբեկյանին, ով Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետն է:
Մինչ հրշեջների ժամանումը Վ. Սարիբեկյանի տղան` 26-ամյա Հարություն Սարիբեկյանը, փորձել է մարել կրակը, ով ձեռքերի հատվածում այրվածքներ է ստացել և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:
Ավտոմեքենան ամբողջովին դարձել է ոչ պիտանի և կատարողը կամ կատարողները ըստ տեղեկությունների բենզին են լցրել Սարիբեկյանի տան դռան վրա և այրել դուռը, կրակը տարածվել է նաև տան ներսում, և շնորհիվ Վ.Սարիբեկյանի տղայի՝ կրակը տան մեջ շատ վնասներ չի տվել:
Աղբյուրը հայտնում է, որ երբ բնակարանի դուռը հրկիզել են, տան ներսում եղել են ընտանիքի 7 անդամներ, այդ թվում՝ մանկահասակ երեխա: Եթե հարևանն ու Հարությունը ճիշտ չկողմնորոշվեին և ճիշտ չգործեին, ապա չէր բացառվի, որ դեպքը ողբերգական ավարտ կունենար:
Նշենք, որ դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։