Բորիս Ջոնսոնը խուսափել է քրեական հետապնդումից Brexit-ի մասին իր հայտարարությունների առնչությամբ
Բրիտանական դատարանը չեղարկել է որոշումը, որով պարտավորում էր Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնին ներկայանալ դատական լսումներին ԵՄ կազմից երկրի դուրս գալու շուրջ հանրաքվեի նախօրեին ոչ հավաստի տեղեկատվություն տարածելու մեղադրանքներին պատասխանելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Sky News-ին:
Լոնդոնի Բարձր դատարանը չեղարկել է Վեստմինստերի դատարանի վճիռը, համաձայն որի՝ բրիտանացի քաղաքական գործիչը պետք է ներկայանար լսումներին:
Բրիտանիայի ԱԳ նախկին նախարարը կասկածվում էր հանրությանը ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու մեջ, մասնավորապես, Եվրամիության բյուջեում Մեծ Բրիտանիայի ներդրումների մասին: Նա պնդում էր, որ Լոնդոնը յուրաքանչյուր շաբաթ ուղղում էր Բրյուսել 350 մլն ֆունտ ստերլինգ (442.5 մլն դոլար):
Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնից անցած տարվա հուլիսին, քանի որ չէր ընդունել Brexit-ի իրագործման մասին վարչապետ Թերեզա Մեյի ծրագրի դրույթները: Այժմ նա իշխող Պահպանողական կուսակցության Համայնքների պալատի շարքային պատգամավոր է եւ հավակնում է թորիների առաջնորդի պաշտոնին եւ այդ պարագայում Մեյի հայտարարած հրաժարականից հետո կարող է դառնալ բրիտանական կառավարության պարագլուխը: