Բողոքի ակցիա կառավարության դիմաց. Ցուցարարները պահանջում են Կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը (ուղիղ)
Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն ու կենդանասերները այսօր՝ հունիսի 7-ին, բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության դիմաց: Նրանք պահանջում են այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով անօրինականությունների և կենդանիների սպանդ իրականցնելու մեջ: Բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել այդ խնդրին, և ուզում են նրա օժանդակությամբ ստեղծված իրավիճակին վերջնական լուծում տալ: Կենդանասերների համախմբող Արմենն ասաց, որ արդեն 6 ամիս է ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր կենդանաբանական այգում ստեղծված իրավիճակի մասին.
«Կարծես՝ մտել են փակուղի, և չեն կարողանում ավարտին հասցնել: Մենք ուզում ենք այս պահին, որ վարչապետի աշխատակազմից որևէ մեկը մեզ ընդունի կամ մեր նամակը հանձնենք աշխատակազմից որևէ մեկին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախկին աշխատակիցները այսպիսի ակցիա իրականացրել էին նաև մայիսի 1-ին, կենդանաբանական այգու նոր տարեշրջանի բացման ժամանակ: Նշենք, որ լրագրողների հետ զրույցում Ռուբեն Խաչատրյանն ասել էր, որ այդ ամենը զրպարտանք է: