Նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է կոնգրեսական Աննա Էշուին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ
աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հաղորդակցության
և տեխնոլոգիաների հանձնաժողովի և Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի
անդամ, կոնգրեսական Աննա Էշուին:
Նախարար Արշակյանը կոնգրեսական Էշուին ներկայացրել է Կալիֆոռնիայի
Սիլիկոնյան հովիտ իր կատարած այցի և դրա ընթացքում բարձր տեխնոլոգիաների
ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցած
հանդիպումների ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի
զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես` Կալիֆոռնիայի
հեղինակավոր կրթական հաստատությունների` Բերքլիի, Սթենֆորդի, Սանթա
Քլարայի համալսարանների հետ փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարները,
«Օրաքլ», «Սիսքո» և նմանատիպ այլ ընկերությունների հետ համագործակցության
հաստատման ու ծավալման հնարավորությունները:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ գործակցության ընդլայնման և
զարգացման հարցում առանձնակի կարևորվել է Կալիֆոռնիայի հայ համայնքի
դերակատարումն ու ներգրավվածությունը և ձեռք բերվել է պայմանավորվածություն
Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում ակտիվ համագործակցության շուրջ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն