Իտալական կողմը շահագրգռված է ՀՀ-ի հետ եղած գործնական կապերի խորացման հարցում. Իտալիայի դեսպան
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։
Փոխնախարար Տերտերյանը ողջունել է դեսպանին եւ շնորհակալություն հայտնել նրան հայ-իտալական միջպետական կապերի ամրապնդման ու երկու երկրների միջեւ փոխգործակցության խորացման գործում ունեցած ներդրման համար։
Իր հերթին դեսպան Վինչենցո դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նկատել, որ իտալական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ եղած գործնական կապերի խորացման հարցում, ինչի ապացույցն է առաջիկայում անցկացվելիք հայ-իտալական գործարար համաժողովը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հունիսի 10-ին Երեւանում եւ հունիսի 11-ին Գյումրիում կայանալիք հայ-իտալական գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքներն ու միջոցառումների ծրագրի թեմատիկ տարբերակները։ Համաժողովին կմասնակցեն իտալական 14 կազմակերպություններ, որոնք մասնագիտացված են թափոնների կառավարման, էներգետիկայի, ճանապարհաշինության, քաղաքաշինության, սմարտ քաղաքների տեխնոլոգիաների ոլորտում։