Գրեթե 21 հազար մարդ բանկերում կուտակված տուգանքներից ազատվել է. ԿԲ
Հայաստանում հեղափոխությունից հետո 150 հազար մարդ կօգտվի կառավարության նախաձեռնած եւ բանկերի կողմից իրականացվող փոփոխություններից, որոնց շնորհիվ կմաքրվեն վարկային վատ պատմությունները, կչեղարկվեն տուգանքները եւ այլն: Այս մասին հունիսի 5-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով՝ գրեթե 21 հազար մարդ բանկերում կուտակված տուգանքներից ազատվել է:
«Մոտ 126 հազար մարդիկ, որոնք մինչեւ 50 հազար դրամի փոխառություն են ունեցել, ազատվել են բանկային վատ պատմությունից եւ հանվել են «սեւ ցուցակից»»,- պարզաբանեց Ջավադյանը:
Այս հայտարարությունից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ ոչ մի կերպ չի կարողացել գտնել այնպիսի մարդու, որն օգտվել է նման արտոնությունից:
Ի պատասխան՝ Կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ այդ ամենն ավտոմատ տեղի չի ունենա, քանի որ մարդիկ իրենք պետք է գնան բանկ, վարկը կոնվերսիայի ենթարկեն եւ կազմեն վարկի մարման ժամանակացույց: