Աքորի գյուղում գայլերը մտել են 2 գյուղացու անասնագոմ եւ հոշոտել 25-ից ավելի ոչխարներ
Լոռու մարզում այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00։00-ից մինչեւ 01։00-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչը լսել է շան հաչոց եւ դուրս գալով տնից՝ նկատել է, որ ինչ-որ կենդանի փախչում է եւ ոչինչ չկասկածելով՝ նորից մտել է տուն, իսկ առավոտյան, երբ գնացել է անասնագոմ, տեսել է, որ 35 ոչխարներից 13-ին գայլը կամ գայլերը վնասել են, իսկ մեկին էլ՝ հոշոտել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է նաեւ, որ նույն ժամանակահատվածում գայլը կամ գայլերը մտել են հարեւանի անասնագոմ եւ այնտեղ գտնվող 35 ոչխարներից 10-ին հոշոտել է, իսկ 1 ոչխարի էլ՝ ամբողջությամբ կերել։
Տուժածներն ասել են, որ գայլի պատճառով կրած վնասը իրենց 1 տարվա եկամուտն էր լինելու։ Ասացին նաեւ, որ գյուղի անասնաբույժը զննել է վնասված ոչխարներին եւ հայտնել, որ դրանց միսն այլեւ պիտանի չէ օգտագործման, հետեւաբար, չեն կարող մորթել եւ վաճառել այն։
«Անգամ գազանանոցում պահվող կենդանիների համար որպես սնունդ այդ միսը չեն ընդունում ոչ պիտանի լնելու պատճառով»,-ասացին գյուղացիները։ Նշեցին նաեւ, որ դիմել են գյուղապետարան, կատարվածի մասին պատմել, գյուղապետարանից էլ գնացել են անասնագոմերը, լուսանկարներ արել եւ պատասխանել, որ համապատասխան ակտ կկազմեն եւ կներկայացնեն մարզպետարանին։