ՄԻՊ-ի աջակցությամբ լուծվել է մաքսային ծառայությունում գործարարի խնդիրը
Գործարարը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ՊԵԿ-ի մաքսային ծառայությունում առաջացած խնդրի լուծմանն աջակցելու նպատակով։
Բողոք ներկայացրած անձի տեղեկացմամբ՝ Թուրքիայից Հայաստան է ներմուծել ապրանքներ, հայտարարագրել եւ իրականացրել է համապատասխան վճարումները, սակայն Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցները ներմուծված ապրանքը զննելիս հայտնաբերել են ապրանք, որը հայտարարագրում նշված չի եղել։
Ըստ գործարարի՝ ինքն առաջարկել է կազմել արձանագրություն, կատարել վերաձեւակերպում եւ ապրանքը հանձնել իրեն, սակայն Մաքսային ծառայության մարմինների կողմից վերաձեւակերպում չի իրականացվել եւ ապրանքը օրեր շարունակ գործարարին չի հանձնվել։
Քաղաքացու պնդմամբ՝ մաքսազերծված ապրանքը մաքսային պահեստում գտնվելու յուրաքանչյուր օրվա համար իրեն պատճառվել է նյութական վնաս։
Պաշտպանի նախաձեռնած վարույթի շրջանակում գործարարը ներկայացրել է ճշգրիտ տվյալներով նոր ապրանքային հայտարարագիր, եւ հայտարարագրված ապրանքները տրամադրել են նրան։