Քաշաթաղի Վակունիսի համայնքապետին ծեծել են Սամվել Բաբայանի աջակիցնե՞րը
Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանը պնդում է, որ իրեն ծեծի են ենթարկել Սամվել Բաբայանի աջակիցները։ Այս մասին News.am–ի հետ զրույցում հայտնեց համայնքապետը։
Նա նշեց, որ միջադեպը կապված է եղել Սամվել Բաբայանի գրասենյակի նախաձեռնած ստորագրահավաքի հետ։
«Ես իրենց գյուղապետարանում տեղ եմ տրամադրել, լիազորված անձ եմ տրամադրել, որը իրենց ձեռնտու չէր, արդյունքում վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել»,–հայտարարեց նա՝ նշելով, որ Բաբաջայնի աջակիցների ցանկությունը ստորագրահավաքն իրականացնող լիազորված անձին փոխելն է եղել, ինչը համայնքապետը հրաժարվել է կատարել։
Զաքարյանը նշեց, որ ինքը գյուղացիների համար որևէ խոչընդոտ չի ստեղծել։
«Ասել եմ՝ ով ուզում է թող ստորագրի, ոչ մի խոչընդոտ չենք առաջացնի»,–ասաց նա։
Ավելի վաղ Արցախի Ոստիկանությունից հայտնել են, որ հունիսի 5-ին՝ ժամը 08։35-ին, Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի 35–ամյա ղեկավար Էդուարդ Զաքարյանը ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը ժամը 08։15-ին իր առանձնատան մոտակայքում ծեծի է ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել Բերձոր և Աբովյան քաղաքների երեք բնակիչների հետ քաղաքական հարցերի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարել էր Արցախում Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար ստորագրահավաք սկսելու մասին։
Սահմանադրական փոփոխություններարդյունքում՝ ըստ Բաբայանի գրասենյակի՝ Արցախի Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող‚ վերջին երեք տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվո անձը։ Բացի այդ՝ փոփոխություններով հնարավորություն կընձեռնվի ՀՀ քաղաքացիներին նույնպես մասնակցել Արցախում ընթացող ցանկացած քաղաքական գործընթացի։
Ստորագրահավաքը մեկնարկել է հունիսի 4–ին և կավարտվի հուլիսի 18–ին։
Ստորագրահավքներն անցկացվում են Արցախի համայնքապետարաններում և քաղաքապետարաներում։