Հայաստանի ՔԿՀ-ներում գլխավոր խնդիրը բուժօգնության տրամադրումն է. ՄԻՊ
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գլխավոր խնդիրը բժշկական ծառայությունների եւ բուժօգնության տրամադրումն է: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ 2018 թ. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին ամենամյա զեկույցի քննարկման ընթացքում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով՝ այսօր բժիշկներն ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում պրոֆեսիոնալ պատրաստվածություն չունեն:
Թաթոյանը նշել է, որ քրեակատարողական բժշկության Կենտրոն է հիմնվել, սակայն միայն իրավաբանորեն:
«Փաստացի այդ կենտրոնը չի գործում, եւ իրավիճակը միայն օդում կախված է: Հարց է առաջանում՝ արդյոք այսօր բժիշկներն անկախ պաշտոնյաներ են կամ գտնվում են ՔԿՀ համակարգում: Կան բանտեր, որտեղ պարզապես չկան բժիշկներ, օրինակ՝ «Հրազդան»-ում: Հետեւաբար, մենք պետք է ուշադրություն դարձնենք այդ հարցերին՝ լուծելով սոցիալական երաշխիքների եւ բժիշկների պրոֆեսիոնալ պատրաստվածության հարցերը: Բժշկական գաղտնիքի բացահայտ խախտման դեպքեր կան, որոնք պետք է լուծվեն համատեղ աշխատանքի ճանապարհով»,- հստակեցրել է Թաթոյանը: